Search
Close this search box.

Ո՞վ է մեղավոր, որ Արծվաշենի խնդիրը որևէ տեղ չի քննարկվում. Կարեն Հեքիմյան

Տեսանելի անցյալում հայկական բոլոր տարածքների հարցը քննարկվել է միջազգային ատյաններում և դրվել է բանակցային սեղանին: Կարս, Էրզրում, Սարիղամիշ, Բիթլիս, Նախիջևան, Մուշ, Երզնկա, Վան, Արդահան, Սուրմալու, Իգդիր, Կողբ, Արցախ, Սյունիք, «ադրբեջանական»անկլավներ, Գորիս-Կապան ճանապարհ և այլն: Մի կողմ դնենք այն, թե ինչ դիրքորոշում են հայտնել միջազգային կառույցները հայկական տարածքների հանդեպ: Մի կողմ դնենք նաև բանակցություններում հայկական դիվանագիտության պարտությունները: Խնդիրն այլ է՝ հայկական ԲՈԼՈՐ տարածքների խնդիրը ինչ-որ տեղ ԳՈՆԵ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է: Ի՞նչ առավելություն է տալիս քննարկումը: Կարսեցիները, նախիջևանցիները, արցախցիները, սյունեցիները միշտ կարող են հպարտանալ, որ իրենք դիմադրել են, կռվել են, իրենց խնդիրը հասցրել են միջազգային ատյաններ և բանակցային սեղան, սակայն դավաճանվել են ու վաճառվել: Եվ նրանք երիցս ճիշտ կլինեն:

Արծվաշենը ՄԻԱԿ հայկական տարածքն է, որի խնդիրը չի բարձրացվել միջազգային ատյաններում և, որը երբեք բանակցային սեղանին չի դրվել: Ընդ որում, զավեշտականն այն է, որ Արծվաշենը միջազգայնորեն ճանաչված ՀՀ անբաժանելի մասն է: Այսինքն, Արծվաշենի պարագայում չկա Էյվազլի կամ Չայզամի, չկան խորհրդային քարտեզներ, չկա GPS, չկա Գորիս-Կապանի 21 կմ, չկա Սև լիճ, չկա Սոթք: Մի խոսքով, խանգարող ոչինչ չկա: Ավելին՝ քանի որ ադրբեջանցիներն «իրենց» անկլավներն են պահանջում, ապա այլևս անցյալում է անկլավների փոխանակման վերաբերյալ Տեր-Պետրոսյան Լևոնի հայտնի տրամաբանությունը:
Ուրեմն, ի՞նչ ունենք: Ունենք միջազգայնորեն ճանաչված ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշեն, որի իրավական կարգավիճակը որևէ խնդիր չի առաջացնում:
Ի՞նչ կանեին ադրբեջանցիները, վրացիները կամ ուկրաինացիները նման պարագայում: ԱՄՆ կոնգրեսը սանկցիաներ կկիրառեր, Եվրախորհուրդը կդատապարտեր, ամերիկյան նավերը կմտնեին Սև ծով, թուրքական բայրաքթարները կհայտնվեին Դոնեցկի երկնքում, ՄԱԿ-ն առնվազն չորս բանաձև կընդուներ և այսպես շարունակ:
Ի՞նչ ենք անում մենք: Ոչինչ: Առանց բացառության, ոչինչ: Ես չեմ ճանաչում գեթ մեկ քաղաքական գործչի, ով Արծվաշենն է պահանջում: Ավելին՝ ես գիտեմ կուսակցություններ, պետական և հանրային հիմնարկներ, որոնք առանց Արծվաշենի ՀՀ քարտեզներ են ներկայացնում:

Ո՞վ է մեղավոր, որ Արծվաշենի խնդիրը որևէ տեղ չի քննարկվում: Տեր-Պետրոսյան Լևոնը՞, Քոչարյան Ռոբերտը՞, Սարգսյան Սերժը՞, Փաշինյան Նիկոլը՞, ադրբեջանցինե՞րը, ռուսնե՞րը, ամերիկյան նավե՞րը, թուրքական բայրաքթարնե՞րը, ՄԱԿ-ը՞, թե՞ արծվաշենցիները:
ՀՀ ՄԻՊ-երից մեկը, պատասխանելով լրագրողի հարցին բառացի ասաց, որ ինքը «պաշտպանում է այն անձանց իրավունքները, որոնք ցանկանում են, որ իրենց իրավունքները պաշտպանվեն»:

Արծվաշենցիները ներպետական, միջազգային և տարատեսակ այլ իրավունքների խնդիր չունեն: Վերջիններս պետք է միայն ցանկանան, որ իրենց իրավունքները պաշտպանվեն: Եվ միայն այդ դեպքում, սանկցիաները, նավերը և ՄԱԿ-ի բանաձևերն իրենց սպասեցնել չեն տա:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյան