Search
Close this search box.

Բաքուն խանգարում է պայմանավորվածությունների իրականացմանը. ՀՀ փոխվարչապետը` ԱՊՀ նիստին

Սդրբեջանը շարունակում է խանգարել Արցախի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Խոսքն առաջին հերթին վերաբերում է բազմաթիվ հայ ռազմագերիների պահմանը, ինչը ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, այլ նաև միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է»,- նշեց ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանից առաջ ելույթ ունեցավ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որը Հայաստանին մեղադրեց «Արցախում զանգվածային ավերածությունների», ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզների փոխանցումից հրաժարվելու, մզկիթների ավերման կամ պղծման, էկոլոգիական վնասի և այլնի մեջ: ՀՀ փոխվարչապետն էլ իր հերթին հիշեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների մասին։
«Պատերազմի պատճառով 40 հազար քաղաքացի կորցրել է իր տունն ու ունեցվածքը, ինչպես նաև ոչնչացվել է 17 հազար քաղաքացիական օբեյկտ ու ենթակառուցվածք։ Սպանվել և վիրավորվել է մի քանի հազար անձ, այդ թվում` խաղաղ բնակիչներ։ Շատերի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

Նա բարձր գնահատեց ռուս գործընկերների ջանքերը, որոնք ներդրվել են Արցախում ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի դադարեցման, ինչպես նաև արցախա-ադրբեջանական սահմանին ու Լաչինի միջանցքում խաղաղապահների զորակազմ տեղակայելու համար։
Անդրադառնալով ներկա իրավիճակին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ Բաքուն շարունակաբար խեղաթյուրում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ 2020թ նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շրջանառվում է միջանցքի գաղափարը, որն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։

«Արցախի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Դրա կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի», — ընդգծեց Գրիգորյանը և հավելեց, որ Բաքուն պետք է հրաժարվի ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից։