Search
Close this search box.

Իշխանասարում իրավիճակը լարված է. ադրբեջանցիների մոտ ուժի կուտակումներ են նկատվում

Այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում գտնվող Իշխանասարում ադրբեջանցի զինվորականների կողմից ուժի կուտակումներ են նկատվում:

Նշվում է նաև, որ ադրբեջանցիների կողմից սադրանքների փորձեր են արվել, ինչի հետևանքով Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներ են բարձրացել Իշխանասարի դիրքեր։

Թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանի հետ, որն տարածված տեղեկությունները մասնակի հաստատեց՝ ընդգծելով, որ թշնամու կողմից սադրանքներ դեռ չեն եղել. «Երեկ երեկոյան մեր տղաները, տեսնելով, որ ադրբեջանցի զինվորների մոտ կուտակումներ են նկատվում, ամրապնդեցին իրենց դիրքերը՝ մեզ մոտ էլ ուժեր կենտրոնացրինք»,- ասաց փոխքաղաքապետը:

Նա հավելեց, որ իրավիճակը լարված է, բայց դեռ արտակարգ դեպք չի գրանցվել. «Ե՛վ մեր կողմից է լարվածությունը, և՛ նրանց. ճիշտ է, լարվածություն կա, բայց արտակարգ դեպք՝ ոչ: Մեր տղաները հավելյալ կուտակումներ են իրականացրել՝ ապահովելու իրենց անվտանգությունը»,- եզրափակեց Կարո Քոչարյանը: