Search
Close this search box.

Հայ ազգը կարոտ էր հաղթանակի. Հասմիկ Վարդանյան

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2020 թվականի այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվեց Հարավային Կովկասի վրա…
Հայ ժողովուրդն իր բազմահազարամյա պատմության մեջ բազում փառահեղ հաղթանակներ ու ողբերգական պարտություններ է ունեցել, և ամեն անգամ իր մեջ ուժ է գտել՝ կրկին արարելու, ապրելու ու շենացնելու: Այո՛, անցյալի սխալներից դասեր է պետք քաղել, որպեսզի ապագայում ոչ թե պարտվողի դերում լինենք, այլ իրապես հաղթողի, ոչ թե խոսքով, այլ գործով: Դեռ բազում հաղթանակներ են սպասում մեզ ու մեր ազգին, թե՛ մարտի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթակում, և թե՛ այլ ոլորտներում, որտեղ ամեն մի հաղթանակ ուղղելու է հայ ժողովրդի կոտրված ողնաշարն ու ապագայի հանդեպ նոր հույսով ու հավատով է լցնելու մեր հոգիները:
Այս մեկ տարվա ընթացքում շատ ենք ունեցել հաղթանակներ սպորտի ոլորտում, ամեն անգամ, երբ մեր մարզիկները հաղթում և կանգնում էին պատվո հարթակի ամենաբարձր հորիզոնականում, հայ ազգը ցնծում էր:

Հայ ազգի համար այս հաղթանակների ողջ բարոյահոգեբանական ազդեցությունը քաջ գիտակցում էին նաև ոլորտի պատասխանատուները՝ հանձին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի: Ազգը կարոտ էր հաղթանակի, ազգը ծարավ էր հաղթանակի: Ամեն ջանք ներդրվեց, որ մեր մարզիկները լավ պատրաստվեն հեղինակավոր մրցաշարերին, լավ մարզավիճակ ձեռք բերեն և ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացվածություն ունենա աշխարհի տարբեր երկրներում: Անասելի մեծ էր ուրախությունն ու ոգևորությունը, երբ հայը հաղթանակ էր տոնում
հատկապես ադրբեջանցի կամ թուրք մարզիկների նկատմամբ: Մի ուրիշ վայելք էր հայկական եռագույնը ամենավերևում ծածանվելիս տեսնելը:

Սրանք հաղթանակներ են՝ վստահ ու հպարտ հաղթանակներ՝ թող որ առայժմ միայն սպորտում: Բայց սա է մեր տեսակը, և վստահ եմ, որ երբ ամեն մեկն իր գործը լավ կատարի, երբ ամեն մեկը սիրի հայրենիքն այնպես, ինչպես հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած մեր անմահացած հերոսները, մենք ապագայում դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու: Եվ օրացույցին ինչպես որ ավելացել են սգո, վշտի ու ցավի օրեր, նույն կերպ կավելանան նաև փառավոր հաղթանակների ու կորցրածը հետ բերելու փառապանծ օրեր: Մեր անմահ հերոսների հիշատակի պատգամը մեկն է՝ ապրել և ապրեցնել հայրենի հողը…

Ամեն ինչ դեռ առջևում է..