Search
Close this search box.

ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է անում վերադարձնել բոլոր գերիներին

Այս շաբաթ Միացյալ Նահանգների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա ինտենսիվ պատերազմին վերջ դրած հրադադարի մասին հայտարարության ստորագրման առաջին տարին։ Այս մասին նշվում է պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում նախորդ տարվա ռազմական գործողությունների հետևանքով բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ Կոչ ենք անում վերադարձնել բոլոր մնացած ռազմագերիներին, հստակեցնել բոլոր անհետ կորած անձանց, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, հակամարտության հետևանքով տուժած տարածքների համապարփակ հումանիտար ականազերծում իրականացնել և ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Մենք նաև կոչ ենք անում հետաքննություն իրականացնել մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի ենթադրյալ խախտումների առնչությամբ։

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան։ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ներկայում տարածաշրջանում է՝ քննարկելու երկկողմ հարցերը բոլոր երեք երկրների հետ և ուսումնասիրելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։

Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, գտնելու համապարփակ լուծումներ բոլոր կարևոր խնդիրներին, որոնք կապված են կամ բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից»,- ասված է հայտարարության մեջ։