Search
Close this search box.

«Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն ինձ գուցե խանգարեց փորձի պակասը». Դավիթ Չալոյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանի կարծիքով, աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն խանգարեց փորձի պակասը:

«Աշխարհի այս առաջնությունը շատ լավ ստացվեց ինձ համար, ես ամեն ինչ արել էի այս մեդալի համար և խոսք էի տվել, որ մեդալ եմ նվաճելու: Առաջնությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, և մրցակիցներիցս յուրաքանչյուրը բարդ հակառակորդ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Չալոյանը:

Գյումրեցի մարզիկը շեշտեց, որ եզրափակիչը բարդ ընթացք ունեցավ իր համար: «Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն ինձ գուցե խանգարեց փորձի պակասը: Փորձելու եմ ամեն ինչ անել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում լավ արդյունք գրանցել»,-ասաց նա:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ: 63,5 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և 92+ կգ քաշում աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Դավիթ Չալոյանը: