Search
Close this search box.

«Տաշիր պիցցա»-ի այդ երկու կետերը ժամանակավոր փակվել են. թունավորման 15 դեպք է գրանցվել

Մենք առավոտյան ժամը 9-ից վերահսկողություն ենք իրականացնում կոնկրետ տվյալ հասցեում գործող հանրային սննդի կետում. ահազանգը ստացել ենք երեկ երեկոյան, եւ դրանից անմիջապես հետո սկսել ենք ձեռնարկել մեր միջոցառումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ «Տաշիր պիցցա» հանրային սննդի ցանցի երկու կետերում սնված 15 քաղաքացիներ նոյեմբերի 4-ին աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ ընդունվել են Ինֆեկցիոն ազգային կենտրոն: Փոխանցում է news.am-ը:

Նրա խոսքով, իրականացվել է թե պատրաստի արտադրանքի, թե կիսապատրաստվածների նմուշառումներ: «Լաբորատոր արձանագրությունների պատասխաններն ունենալուց հետո մենք կարող ենք որոշակի եզրահանգման գալ, թե ինչն է եղել թունավորման պատճառը: Մեզ հետ համատեղ աշխատել է նաեւ առողջապահության նախարարությունը:

Ներկայումս ուսումնասիրվում են բոլոր ապրանքների ուղեկցվող փաստաթղթերը, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը, կիսապատրաստվածների պատրաստման ու պահման պայմանները: Ահազանգը ստացել ենք Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնից:

Երկու տարբեր հասցեներ են նշվել, մյուս հասցեում նույնպես (Խանջյանի մասնաճյուղ) աշխատանքներ են տարվում: Տարածքը փակ է, մեր տեսուչներն են աշխատում»,-ասաց նա:

Դանիելյանը տեղեկացրեց, որ փորձաքննությունները մի քանի օր տեւելու են. «Ամեն դեպքում մենք 4 օրից շուտ, որովհետեւ անհրաժեշտություն կարող է առաջանալ լրացուցիչ փորձաքննությունների»:

Հարցին, թե եթե պարզվի, որ սնունդը փչացած է եղել կամ ժամկետանց, ինչ է դրան հետեւելու, ՍԱՏՄ աշխատակիցը պատասխանեց. «Այս պահին մենք զեկուցագիր ենք ներկայացնելու տեսչական մարմնի ղեկավարի՝ գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու համար մինչեւ որ մեր աշխատանքները վերջացնենք եւ գանք այն եզրահանգման, որ տվյալ հանրային սննդի կառույցի գործունեությունը չի կարող մարդկանց վտանգ սպառնալ:

«Տաշիր պիցցա»-ի ցանցը այն եզակի կառույցներից է, որ իրենք ամեն տարի դիմում են վերահսկողություն իրականացնելու համար: Վերջին հերոհոսկողությունը եղել է այս տարի՝ տարբեր մասնաճյուղերում, իսկ ընդհանուր ցանցը ստուգվել է 2020 թվականին: Այս տարվա ստուգումներով արձանագրվել են որոշակի խախտումներ պահման պայմանների հետ կապված, մակնշումների հետ կապված: Մենք տվել ենք ցուցումներ այդ խախտումները վերացնելու համար: Նախկինում թունավորման այստեղ դեպք չի եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ այս երկու կետերում ստուգումները նախատեսված էին այս տարվա 4-րդ եռամսյակում:

ՍԱՏՄ աշխատակիցը նաեւ նշեց, որ շեշտադրումը դրել են այն սննդի վրա, որը նշել են թունավորվածները՝ պիցցա, աղցաններ եւ բուրգեր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Քաղաքացիներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։

Բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցա» հանրային սննդի կետում՝ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի վրա գտնվող:

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։