Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Թուրքիան հրապարակել է մի քարտեզ, որտեղ «Զանգեզուրի միջանցք» անվանված էր ամբողջ Սյունիքը

Չեմ կարծում, որ որևէ գերտերություն շահագրգռված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ կամ այս հարցով կարող է ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա։ Ավելի շուտ, ճնշում գործադրում են հենց Թուրքիան և Ադրբեջանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Իհարկե, գրեթե բոլորը կողմ են, որ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաները գործեն, բայց տեսնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի անմիջական հարևան Իրանը դեմ է։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ դեմ չենք երկաթգծի կամ կոմունիկացիաների գործելուն, սակայն չենք ընդունում, այսպես կոչված, «միջանցքի» գաղափարը։ Մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը համառորեն խոսում են դրա մասին», — ասաց Սաֆրաստյանը:

Նա նկատեց, որ սրանից մի քանի օր առաջ Թուրքիայի պետական հեռուստատեսությունն ընդհուպ հրապարակել էր մի քարտեզ, որտեղ «Զանգեզուրի միջանցք» անվանված էր ամբողջ Սյունիքը։

«Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ամեն կերպ օգտվել պատերազմում մեր պարտությունից հետո ստեղծված իրադրությունից և գնալով ճնշումն ավելի ուժեղացնել։ Շատ կարևոր է, որ Հայաստանն այդ ճնշմանը չենթարկվի», — ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ Ալիևն ու Էրդողանը երեկ դրել էին «Զանգեզուրի միջանցքով» Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ մայրուղու հիմքը։