Search
Close this search box.

Հայաստանում Covid-19-ի դեմ լիարժեք պատվաստվել է բնակչության մոտ 7 տոկոսը. Թորոսյանը պատվաստման կոչ է անում

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, իսկ առնվազն 1 դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը, այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ի պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեկ կորոնավիրուսից մահացած 57 քաղաքացիներից յուրաքանչյուրը մեզնից որևիցե մեկի հայրն է, մայրը, քույրը կամ եղբայրը: Հիվանդության դեմ պայքարելու և միլիոնավոր մարդկային կյանքեր փրկելու համար բավականին սեղմ ժամկետում ստեղծվեցին պատվաստանյութերը: Պատվաստանյութերն ընդհանրապես մարդկության պատմության ընթացքում ամենաշատ մարդկային կյանքեր փրկած և փրկող գիտական հայտնագործությունն են, և դրանց պետք է վերաբերվել միայն այդպես: Եթե որևէ մեկը ձեզ որևէ այլ բան կասի պատվաստանյութերի վերաբերյալ, ապա նա դիտմամբ կամ անտեղյակությամբ խաբում է ձեզ»,-ասաց Թորոսյանը:

Նա հիշեցրեց՝ պետությունն ամբողջությամբ ապահովում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը: «Եվ այժմ պատվաստանյութերի բարձր ցուցանիշ ունենալու պարագայում, մենք իրական շանս ունենք՝ վերադառնալու մեր նախկին նորմալ կյանքին: Պատվաստանյութը միակ զենքն է, որով հնարավոր է պայքարել այս հիվանդության ահագնացող դեպքերի և մահերի դեմ»,-ասաց պատգամավորը:

Ըստ վիճակագրության՝ աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսը լիարժեք պատվաստված է: Շատ երկրներում պատվաստվել է բնակչության 70 և ավելի տոկոսը: «ՀՀ-ում այս պահին փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, իսկ առնվազն 1 դեղաչափ ստացել է բնակչության մոտ 16 տոկոսը, ինչը շատ հեռու է ցանկալի ծածկույթից, որ համավարակը համարենք հաղթահարված»,-նշեց Թորոսյանը:

«Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանի կարծիքով՝ մարդկանց չպատվաստվելու պատճառներից մեկը իշխանության նախաձեռնությունների նկատմամբ անվստահությունն է: «Կորոնավիրուսի դեմ պայքարը և պատվաստումների ցուցանիշները բարելավելու համար պետք է ռացիոնալ մոտենալ խնդրին, չընդունել անտրամաբանական որոշումներ: Եթե մարդը վարակվել է վիրուսով և բնական ճանապարհով ձեռք բերել հակամարմիններ, ապա որոշակի ժամանակ պետք չէ նրան ստիպել պատվաստվել»,-ասաց նա: