Search
Close this search box.

ՀՀ-ում Իրանի դեսպանը Բաքվին դատապարտել է Հայաստանի հարավում իրանական բեռնատարներից գումար պահանջելու համար

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դատապարտել է Ադրբեջանին Հայաստանի տարածքում իրանական բեռնատարների նկատմամբ տուրքեր սահմանելու համար: Tasnim գործակալությանը տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ այդ տուրքերի գանձումը հակասում է զինադադարի վերաբերյալ երեք ղեկավարների հայտնի հայտարարությանը:

Զոհուրին ասել է, որ համաձայն այդ փաստաթղթի՝ Հայաստանի հարավում գտնվող տարանցիկ ճանապարհը պետք է անփոփոխ մնա մինչև նոր ճանապարհի կառուցումը: Նա պարզաբանել է, որ խնդրի առարկա տարանցիկ ուղին օգտագործվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում: Դեսպանի խոսքերով՝ իրանական բեռնատարները վճարում են Հայաստան մտնելուն պես, և Իրանը սպասում էր, որ Ադրբեջանը կդադարեցնի գումար պահանջել մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը:

Գործակալությունը հիշեցնում է, որ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հրապարակել էր ճանապարհային քարտեզ՝ ուղղված Հայաստանի հետ կապերի ընդլայնմանը՝ ընդհուպ մինչև ռազմավարական մակարդակի: Նա ասել էր, որ Իրանը և Հայաստանը մշակել են բեռնատարների երթևեկության նոր ուղի, և այդ նախագիծը կյանքի կկոչվի ամենասեղմ ժամկետներում: