Search
Close this search box.

Եթե հստակ ասվում է ֆորս-մաժորի հնարավորության մասին, ապա ամենայն հավանականությամբ որևէ թուղթ չի ստորագրվելու. Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է. «Սոցիալական հարթակներում ակտիվ քննարկումներ են ընթանում հոկտեմբերի 22-ի մի քանի հրապարակումների առումով։

Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, և ինչո՞ւ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասաց, թե հայկական կողմը համաձայնել է միջանցքի գաղափարին։

Դրան գումարվեց օրվա ավարտին լրագրող Թաթուլ Հակոբյանի հայտարարությունը, թե նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարները 2 փաստաթուղթ են ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։

Շատ եմ ստանում նամակներ՝ մտահոգությամբ, թե մենք հերթական անգամ ազգակործան խնդրի առաջ ենք կանգնում։ Անկեղծ ասած՝ ինքս այս պահին այդպես չեմ կարծում, քանի որ․

Իլհամ Ալիևի հայտարարությունը միջանցքի մասին բացահայտ պատասխան էր Վլադիմիր Պուտինի խոսքին, թե սահմանների ճշգրտումը իրականացվելու է ՌԴ-ի միջնորդությամբ, քանի որ 1920-ականների ռազմական քարտեզները իրենց Գլխավոր շտաբում են։ Այդկերպ Պուտինը ուղերձ հղեց Ադրբեջանին, որ պետք չի շատ գազ տալ, քանի որ 20-ականների ռազմական քարտեզներով ներկայիս Ադրբեջանի հսկայական տարածքներ իրավական առումով պատկանել են Հայաստանին։ Միջանցքին համաձայնություն տալու իր հայտարարությամբ Ալիևը փաստացի փորձեց սև բիծ քաշել Պուտինի խոսքի վրա՝ իհարկե, Էրդողանի դրդմամբ։

Թաթուլ Հակոբյանի հրապարակումը կասկածի տակ դնելու իրավունք, իհարկե, չունեմ՝ հարգելով նրա լրագրողական փորձը, բայց առաջարկում եմ ուշադրություն դարձնել նրա մեկ արտահայտության վրա՝ «Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ»:

Այստեղ հեղինակը կամ տեղեկատվության աղբյուրը ապահովագրել է իրեն։ Հաշվի առեք, եթե իրականում որոշված լինի փաստաթուղթ ստորագրել, ապա անկախ ֆորսմաժորային իրավիճակներից, Վլադիմիր Պուտինը կողմերին կստիպի ստորագրել դա, իսկ եթե հստակ ասվում է ֆորս-մաժորի հնարավորության մասին, ապա ամենայն հավանականությամբ որևէ թուղթ չի ստորագրվելու։

Ամեն դեպքում խոհանոցային քննարկումները շարունակվում են։ Ես տեղեկություններ ունեմ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմում ևս ակտիվ քննարկում են նոյեմբերին սպասվող հնարավոր հանդիպման մանրամասները, բայց քիչ հավանական է հստակ պայմանագրի ստորագրումը, գրեթե անհնար։

Ինչ վերաբերում է Արցախի մասին անհանգստություններին, ապա մեր հայրենակիցներին առաջարկում եմ հանգիստ լինել։ Այս պահին Արցախի նկատմամբ ոտնձգություն չի լինի»։