Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 130-ից ավելի վիրավոր էինք իջեցնում Ֆիզուլիից. Առանց կրակոցի գյուղեր են հանձնվել. Հադրութցին՝ պատերազմի մասին

«Փաստինֆո»-ն գրում է.

Ալբերտ Խաչատրյանը Հադրութի Տումի գյուղում անասնապահությամբ էր զբաղվում։ 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան, սովորականի նման Ֆիզուլի քաղաքի իր ֆերմայում էր, երբ իմացավ՝ թիվ 1 տագնապ է հայտարարվել։ Անհանգստությունն ավելի մեծացավ, երբ լույսը դեռ չբացված լսեց առաջին հրետակոծության ձայները։

Միանգամից թողեց գործերն ու անցավ բանակին օգնելու կարևոր գործին։

Խաչատրյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ հրետակոծությունից խուսափելու համար իր վարձակալած 7 հա ծառաշատ այգում օգնել է տեխնիկան պատսպարել՝ ԱԹՍ-ից ուշադրությունը շեղելու համար։ Հասկանալով, որ բաց երկնքից թափվող կրակից կարող էր օգնել նաև բուժքույրերին, աջակցում էր վիրավորներին տեղափոխելու հարցում։

«Շտապօգնությունը անընդհատ գնում, գալիս էր։ Զինվորների վրայից սիստեմաները դուրս էին գալիս, բուժքույրը չգիտեր՝ որ մեկը անի։ Ազոխի դպրոցի հոսպիտալում եմ եղել։ Միացել եմ իրենց ու օգնել ինչքանով կարողացել եմ։ Ամսի 9-ին Խորահատում բոյ էր գնում, նույն օրը գնացել եմ Հադրութ։ Տղաներից մեկը վիրավորվել էր, բոյ ենք տվել ու Թութակներ տեղափոխվել։ Հոկտեմբերի 10-ի առավոտյան Հադրութի վերեւի հատվածի տները սկսվել էր վառվել։ Ասել են՝ թուրքերը մտել են»։

Ադրբեջանական բանակի առաջխաղացման մասին իմացողները հայտնում էին, թե թշնամու խումբը 30-40 հոգանոց է։ Հայ կամավորները ու զինվորները կռիվ են տվել ու հասկացել՝ թշնամու զորքը ավելի շատ էր։ Խաչատրյանը նշեց, որ անգամ զանգ են ստացել՝ շրջափակման մեջ ընկնողներին դուրս բերելու համար։ Ասում է՝ Ջաբրայիլը թշնամին ճեղքել էր։ Գյուղերի միջով 2-3 օր քայլելով է հասել Հադրութի մերձակա շրջան ու դիմադրության չի արժանացել։

Վերջում արդեն նահանջել էին մինչև Թութակներ կոչվող տարածք։ Lուրեր էին ստանում, թե տարբեր գյուղեր՝ առանց մի կրակոցի արդեն ադրբեջանական են։ Անգամ հրետանի չունեին՝ թշնամուն ծանր հարվածներ հասցնելու համար։

Խաչատրյանը զեկուցել է իրենց գյուղում թշնամու տեխնիկայի տեղակայման մասին, սակայն պատասխան են ստացել, որ այդ կողմի մասին հրաման չունեն։ Պատրաստվում էին արդեն նոր տեխնիկայով թշնամու դեմ կռիվ սկսել ու տեղեկացել են կապիտուլյացիայի ստորագրման մասին։ Հադրութցին ասում է՝ հոկտեմբերի 15-ին Հադրութում այլևս հայ չէր մնացել։

«Հադրութում շատ ծանր բաներ եմ տեսել։ 130-ից ավելի վիրավոր էինք իջեցնում ֆիզուլիից, բա մահերը ինչքա՞ն կլինեին։Ձեռքիս մեջ 18 տարեկան տղաները մահանում էին՝ միայն բինտ ունեի արյունահոսությունը կանգնեցնելու համար, բայց ներքին օրգանները սաղ վնասված էր»։

Հադրութի համար պայքարը դրական ավարտ չունեցավ։ Ադրբեջանական կողմին մնաց հայրական տունը, անասունները, գերեզմաններն ու բարի հուշերը։ Հիմա էլ Երևանում է պայքարը շարունակում՝ անտեսված չմնալու համար։ Հույս ունի՝ կառավարությունից աջակցություն կստանան, կգտնեն մշտական բնակության վայր՝ նորից արարելու համար։