Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահի կողմից ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական կողմի պահանջով, իբր, ցրման մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Խոսնակը նշեց, որ Աշոտ Հարությունյանն ինքն իրեն արդեն հերքել է. «Իր ֆեյսբուքյան էջում ասել է, որ խեղաթյուրել են իր խոսքերը, ես չգիտեմ, թե ինչն են խեղաթյուրել, իրենից ճշտե՛ք»,- նշեց Լուսինե Ավանեսյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք ԱՀ նախագահը Աշոտ Հարությունյանի հարցին ի պատասխան ասել է, թե Արցախի բնակչության անվտանգության երաշխիքը ռուսական զորքն է, խոսնակը ոչ հերքելով և ոչ հաստատելով դա, տվեց չեզոք պատասխան. «Պաշտպանության բանակը այսօր Արցախի բնակչության երաշխավորներից մեկն է, դրան գումարծ նաև ռուսական խաղապահ ուժերը»,- նշեց Լուսինե Ավանեսյանը:

Նշենք, որ չնայած Աշոտ Հարությունյանի հերքման, կա տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ինքն ասում.

«Արցախի նախագահին ասել ենք՝ քեզ ասել են՝ բանակը ցրի, ցրում ես: Ո՞վ է քեզ թույլ տվել բանակը ցրել: Ասում է՝ Ադրբեջանը: Ասում ենք՝ Ադրբեջանը ղալլաթ է անում, գլուխն էլ պատերով է տալիս, դու քո բանակը պահում ես»: