Search
Close this search box.

«Հայաստանը` Ադրբեջանով` երկաթգծով կապ կունենա ՌԴ հետ. Հիմա գլխավոր հարցը խաղաղության պայմանագրի կնքումն է»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով իրական կայունության ու խաղաղության: Փաշինյանը նման կարծիք է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում՝ նշելով, որ ՌԴ-ի ջանքերի շնորհիվ 2020 նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում:

«ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ առանցքային դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «մեր տարածաշրջանն այսօր կանգնած է շատ կարևոր փոփոխությունների շեմին, և քաղաքական կամքի դրսևորման պարագայում դրանք կարող են էականորեն փոխվել առկա պատկերը՝ իրական խաղաղություն ու կայունություն ձևավորման համար պայմաններ ստեղծելով»:

«Մենք պատրաստ ենք այդ փոփոխություններին: Ավելին, դա համընկնում է մեր տեսլականին: Կառավարության նպատակներից մեկն է նոր դարաշարջանի բացումը մեր երկրի և մեր տարածաշրջանի խաղաղ զարգացման համար»,- ասել է Փաշինյանը:

«Կան գործոններ, որոնք հարցականի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացը: Չնայած քաղաքական բոլոր ջանքերին, և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին: Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ մեխանիզմները: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում խաղաղություն ու կայունություն մեր երկրում, և այդ պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Սակայն մենք վճռական ենք տրամադրված և կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես հասնենք այդ նպատակին. երկխոսություն և թշնամանքի մթնոլորտի աստիճանաբար հաղթահարում, որը, ցավալիորեն առկա է մեր տարածաշրջանում, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում: Ահա միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կբերի այդ նպատակի իրականացմանը»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը, աշխատանք է տարվում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել մոտ ապագայում որոշակի արդյունքների հասնել: «Դա նշանակում է, որ Հայաստանը կունենա ավտոմոբիլային և երկաթգծային կապ Ռուսաստանի, երկաթգծային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը կունենա երկաթգծային կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով»,- ասել է Փաշինյանը:

Վերջինս հավելել է, որ խախտելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնության 8-րդ կետը՝ Ադրբեջանը չի վերադարձրել բոլոր գերիներին և պահվող անձանց:

Փաշինյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը աջակցության կցուցաբերի երկու երկրի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց իրականացնելու համար: «Իհարկե, գլխավոր հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումն է: Դրա համար կարևոր ենք համարում բանակցությունների վերսկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- հավելել է Փաշինյանը: