Search
Close this search box.

Շարունակելու ենք պայքարը. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով ընտրանին շարունակելու է պայքարն ԱԱ-ի որակավորման փուլի իր ենթախմբում:

«Մենք լավ չգործեցինք առաջին խաղակեսում: Երկրորդ կեսում մենք կարող էինք հավասարեցնել հանդիպման հաշիվը: Եթե մենք գոլը խփեինք, ապա արդարացի կլիներ»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Կապառոսը: Իսպանացի մասնագետը շեշտել է, որ ինքը գոհ է Մխիթարյանի խաղից:

«Մեր խնդիրը խմբում բարդացավ, սակայն մենք շարունակելու ենք պայքարը, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք խմբից դուրս գալու»,-ասել է նա:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Ռումինիայի հավաքականին: Առաջին կեսում ռումինացիներն ակնհայտ առավելություն ունեին, ինչի մասին խոսում էր նաև վիճակագրությունը: Ռումինիան առավելությունը գոլի վերածեց 26-րդ րոպեին, երբ անկյունային խաղարկումից հետո Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Յոնուց Միտրիցեն: Ի վերջո, հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց, և Հայաստանի ընտրանին պարտվեց նվազագույն հաշվով:

J խմբում կայացած մյուս խաղերում Գերմանիան հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային (0:4), իսկ Իսլանդիան` Լիխտենշտեյնին (4:0): Այս տուրից հետո խմբի առաջատարը մնում է Գերմանիան (21 միավոր), երկրորդ տեղում Ռումինիան է (13 միավոր), երրորդը` Հյուսիսային Մակեդոնիան (12), չորրորդը` Հայաստանը (12 միավոր): 8 միավոր ունի Իսլանդիան, 1 միավոր` Լիխտենշտեյնը: