Search
Close this search box.

Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներին չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի. առաջարկվում է լրացումներ կատարել օրենքներում

Պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողները առաջիկայում պարտավորվելու են պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը ներկայացնել գործատուին։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։ Օրենսդրական նման փոփոխություններով է հանդես եկել կառավարությունը։

Առաջարկում է լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում, որոնցով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չի ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։ 

Գործատուն իրավունք կունենա նաև աշխատանքից ազատել աշխատակցին, եթե ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Սույն կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա , իսկ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Օրենսդրական այս փոփոխությունը դեռեւս իրավական ակտերի հրապարակման հարթակ հանդիսացող e-draft.am-ում է հրապարակվել, հանրային քննարկում անցնելուց հետո կուղարկեն խորհրդարան, որտեղ էլ, ըստ ամենայնի, ՔՊ մեծամասնությամբ կընդունեն։