Search
Close this search box.

Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների, և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը (սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը)` ըստ դասարանների։

Համաձայն հրամանի՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին առաջարկվել է իրականացնել անհրաժեշտ օժանդակություն ուսումնական հաստատություններին` օրինակելի ուսումնական պլաններով այդ հաստատությունների գործունեությունն ապահովելու նպատակով:

Ուսումնական պարապմունքների ժամկետներ և սովորողների արձակուրդներ

Սահմանվել է, որ 2021-2022 ուստարվա պարապմունքները սկսվում են 2021 թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2022 թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: