Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Իրակլի Ղարիբաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նամակում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերականգնում»։

Հիշեցնենք, որ Բաթումում 7 հարկանի շենքի մի հատվածի փլուզման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ 4 դիերը դուրս են բերվել ուշ գիշերը, ևս մեկը՝ քիչ առաջ։ Զոհերից մեկը տարեց կին է, երկուսը՝ անչափահաս, երկուսը՝ տղամարդ։

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն ավելի քան 15 ժամ։ Ներկայում դեռևս փրկված է 5 մարդ՝ երկու երեխա, երկու տղամարդ և մի երիտասարդ կին։ Եվս երկու մարդու հետ կապ է հաստատվել, նրանց գտնվելու վայրը ճշտվում է: