Search
Close this search box.

Պատերազմի օրերին զանգել ու մորը խնդրել է. Չեկավ Հարությունը

Հարությունյան Հարությունը Երևանից էր։ Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան։ Դեռևս 2017-ին էր զորակոչվել բանակ, ծառայել Մարտունի 3-ում: Չնայած նրան, որ 2019-ին էր զորացրվել, պատերազմի լուրն առնելուց անմիջապես հետո նա մեկնեց Արցախ։ Սեպտեմբերի 27-ին Հարությունն արդեն Ասկերանում էր։
Պատերազմի օրերին մի օր զանգել էր մորն ու ասել.

-Մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին (ընկերուհուն) ու կանչիր, թող գա մեր տանը քո աչքի առջև հաց ուտի:
Արփինեն եկավ, բայց սեղանին դրված թխվածքը կուլ չգնաց առանց Հարութի, ասաց.
-Թող մնա, ինքը կգա, կուտի…

Չեկավ Հարությունը… Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 8-ին, Ակնայի (Աղդամի) դիրքերը պաշտպանելիս անօդաչուի հարվածից զոհվեց Հարությունը։
Ընկերները պատմում են, որ որտեղ վտանգ էր, այնտեղ Հարութն էր։ Երբեք չէր ընկճվել, միշտ երգով ու հումորով է անցկացրել պատերազմի ընթացքը։ Աշուղական ու հայրենասիրական երգեր էին երգում, բարձր պահում զինվորների ոգին։
Հիշատակդ վառ, Հարութ ջան, հիշատակդ վառ, հայրենասեր տղա։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից