Search
Close this search box.

Աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 7-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը վստահ հաղթանակով նվաճեց եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի ոսկե մեդալի համար:

72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինի հետ եւ հաղթանակի հասավ 10։6 հաշվով:

Առաջին մրցափուլի հենց մեկնարկում Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը 4 միավորանոց գցում արեց: Ըմբիշները շարունակեցին հնարքը՝ երկուսն էլ 4 միավորանոց գլորում կատարեցին: Գորգի մրցավարը 4 եւ եւս 1 միավոր տվեց իրանցի ըմբիշին: Հայաստանի մարզիչներն ի դեմս Ռոման Ամոյանի, բողոքարկեցին: Կողային մրցավարները բավարարեցին եւ հաշիվը դարձրին 8:4՝ հօգուտ Մալխաս Ամոյանի: Երկրորդ մրցափուլում Եվրոպայի փոխչեմպիոնը ավելացրեց ճնշումը եւ եւս երկու միավոր ավելացրեց իր հաշվին՝ գոտեմարտն ավարտելով 10:6 հաշվով:

Հոկտեմբերի 8-ին կայանալիք եզրափակիչում Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: