Search
Close this search box.

«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանության մեջ կասկածվողը մեկուկես տարի առաջ մասնակցություն է ունեցել Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահի սպանությանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի հետ, պարզել են սեպտեմբերի 28-ին Երևանում «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ինքնաձիգով Land Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակած և ավտոմեքենայում գտնվող, Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Դիանա Դարբինյանին մահացու հրազենային վիրավորում պատճառելու, նրա ամուսնուն՝ 29-ամյա Վազգեն   Մարգարյանին  հրազենային վնասվածք պատճառելու և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Ինչպես տեղեկացել էինք Հայաստանի քննչական կոմիտեի  մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Արաբկիրի քննչական բաժնի պետ Կարեն Թորոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավար նշանակված  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հրանտ Գասպարյանի որոշմամբ հարուցվել էր  քրեական գործ՝  ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2 մասի 1-ին և 6-րդ  կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կայքի  տեղեկություններով՝ հոկտեմբերի  2-ին քննչական մարմինը դիմում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններից  մեկին, որպեսզի դատարանը որոշում կայացնի նշված  հանցագործությունը կատարած ենթադրյալ կասկածյալ, Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա  Լևոն Ավետիսյանի բնակության  վայրում խուզարկություն կատարի:

Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և արդեն Լ. Ավետիսյանի տանը խուզարկությամբ նկուղից հայտնաբերվել են «Ֆ 1» տիպի և «ՌԳԴ» տիպի 2 նռնակներ իր պայթուցիչներով:

Կայքի տեղեկություններով՝ այս սպանության մեջ որպես կասկածյալ որոնվող Լ. Ավետիսյանը դեռ 2019 թ.-ի ապրիլի 15-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած մեկ այլ՝ հրազենի գործադրմամբ կատարված սպանության և սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործում մասնակցություն է ունեցել: Այդ ժամանակ սպանվել էր Արարատ-2 ֆուտբոլային ակումբի դարպասապահ, 23-ամյա Մուշեղ Ղևոնդյանը: Նշված սպանությունը բացահայտվել էր և դեպքի մասնակիցները կատարողի հետ հայտնաբերվել էին: Դրանց մեջ է եղել նաև Լ. Ավետիսյանը, ով այս պահին Վանաձորում հայտնի «Գլորիա»  կարի ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանության գործով որոնվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն էր։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։