Search
Close this search box.

Ալիեւ. Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել Հայաստանի հետ

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, հնարավոր է համարում այդ գործընթացին Եվրամիության ակտիվ մասնակցությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյի հավաստագրերը, տեղեկացնում է haqqin.az-ը։

«Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի՝ մեր հարեւանի հետ։ Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատում անցկացնելու, հաղորդակցությունների բացման վերաբերյալ։ Այդ գործընթացը մասամբ սկսվել է»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ գործընթացին կարող է ակտիվ մասնակցություն ունենալ նաեւ ԵՄ-ը, «մանավանդ որ ես տեսնում եմ նման ցանկություն, դա մեզ կօգնի շատ ոլորտներում»։ Ալիեւի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքի մեծ ծավալ կա կատարելու։