Search
Close this search box.

ՀՀ օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար․ ՔՊ պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական օդանավի թռիչքի վերաբերյալ մի քանի պարզաբանում է ներկայացրել իր ֆեյսբուքյան գրառմամբ։ Դրանում ասվում է․

«Սխալ են պնդումները, թե Իրանը փակել է Ադրբեջանի համար օդային տարածքը, իսկ Հայաստանը` բացել։

– Իրանը փակել է միայն ռազմական նշանակության թռիչքների հնարավորությունը, իսկ Ադրբեջանից իրականացվող քաղաքացիական թռիչքների համար օդը շարունակում է բաց մնալ։

– Հայաստանի օդային տարածքը երբեք չի փակվել ադրբեջանական քաղաքացիական ավիափոխադրումների համար։ Հենց Ադրբեջանն է 2013 թվականին իր նախաձեռնությամբ որոշել դադարեցնել Հայաստանի օդային տարածքով ավիափոխադրումները, որպեսզի տնտեսական վնաս հասցնի մեզ (օդային տարածքի օգտագործումը ենթադրում է որոշակի վճարներ), իսկ երեկվանից էլ որոշել է վերսկսել մեր օդով ավիափոխադրումներ իրականացնելը։

– Ադրբեջանի օդային տարածքը իր հերթին փակ չի եղել Հայաստանի ավիաընկերությունների համար, պարզապես Հայաստանն է հրաժարվել փոխադրումներ կատարել Ադրբեջանի տարածքով։ Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք, օրինակ, այսօրվանից սկսել օգտվել իրենց օդային տարածքից»։