Search
Close this search box.

«Զանգեզուրի միջանցքը» Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպմանը

Սոչիի հանդիպումից հետո Էրդողանը խոսել է «միջանցքի» մասին: «Այս հատվածի ցամաքային և երկաթուղային ճանապարհները կբացեն առևտրատնտեսական հնարավորություններ տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ադրբեջանը լայնածավալ աշխատանքներ է տանում այս միջանցքի համար: Իհարկե, Հայաստանը նույնպես պետք է կատարի իր պարտավորությունները», Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում TRT Haber-ը:

Սոչիի Հանդիպումից հետո Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների զրույցի ընթացքում, ըստ ՌԴ ԱԳՆ կայքի, խոսք է գնացել այն մասին, որ «Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապարգելափակումը, վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը և հարևանների միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը հետագայում կբարելավի իրավիճակը տարածաշրջանում»:

«Զանգեզուրի միջանցքը» ենթադրում է Հայաստանի հարավով արտատարածքային ճանապարհ՝ Հայաստանի տարածքի բռնակցմամբ եւ Հայաստանն Իրանից կտրելով: Երեւանը հայտարարում է, որ իր տարածքում ցանկացած հաղորդակցություն պետք է լինի Հայաստանի իրավասության ներքո: Իրանը նույն կարծիքին է, Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն չպետք է լինի։

Հունիսին Էրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու նախագծին ՌԴ վերաբերմունքը դրական է համարում: «Ես չեմ ընդունում, որ այս առումով Ռուսաստանը կարող է տարաձայնություններ կամ իրագործումը հետաձգելու մտադրություն ունենալ: Հակառակը, Ռուսաստանը շատ բարյացակամ է վերաբերվում միջանցքի հարցին», նրա խոսքը մեջբերում է NTV- ն:

«Կա մի ասպեկտ,- շարունակել է Էրդողանը,- մենք այժմ սահմանափակված ենք հնգամյա համաձայնությամբ [Ղարաբաղում հրադադարի մասին]: Եվ մենք կցանկանայինք այս նախագիծն իրականացնել այս հնգամյա համաձայնության շրջանակներում»: Էրդողանն այսպիսով հաստատում է համատեղ նախագծի գոյությունը։

Մոսկվան իրեն հատուկ ոճով է արձագանքում միջանցքի վերաբերյալ հայտարարություններին՝ «նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների անվերապահ կատարման» մանթրայով: «Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը կարող է լինել բացառապես կամավոր՝ ձեռքբերված դիվանագիտական ​​համաձայնության հիման վրա: Ցանկացած հայտարարություն, որը կարող է հակասել դրան, չի կարող ընկալվել որպես այլընտրանք համաձայնագրին», ասել է Լավրովը մայիսին: Նշենք, որ համաձայնագիրը վերաբերում է միջանցքին՝ ՌԴ ՖՍԲ հսկողությամբ։ Ռուս-թուրքական «տարձայնություններն» այս հարցում, եթե այդպիսիք կան, կարող են վերաբերել որոշ տեխնիկական դետալների։

Ապրիլի 20-ին Ալիեւն ասել էր, որ «մենք իրականացնում ենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը, անկախ նրանից Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ»: «Եթե Հայաստանը ցանկանա, ապա հարցը պարզ լուծում կստանա, իսկ եթե ոչ, ապա մենք դա կանենք ուժով», ասել է նա:

Իրանական զորավարժությունները, որոնք ուղեկցվում են կոշտ հռետորաբանությամբ, դիտվում են որպես անուղղակի արձագանք ռուս-թուրքական ծրագրերին: Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քիյմարս Հեյդարին Ադրբեջանի հետ սահմանին «Խայբարի նվաճողներ» զորավարժությունների ժամանակ ասել է. «Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա։ Նախկինում այս տարածաշրջանում պատերազմ էր, բայց հիմա ժամանակն է անվտանգության և վերականգնման համար»:
Lragir.am