Search
Close this search box.

Ի՞նչը կարող է արգելք հանդիսանալ ամուսնության համար․ Հայաստանի քանի՞ տարեկանից կարելի է ամուսնանալ

Ընտանեկան օրենսգրքով կարգավորվում են ամուսնություն կնքելու պայմաններն ու կարգը։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն, Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից։

10-րդ հոդվածով սահմանված են ամուսնության կնքման պայմանները․

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

Իսկ 11-րդ հոդվածով նախատեսված է, որ արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Իրավաբան.net