Search
Close this search box.

Եթե իրենց գյուղից թեկուզ մեկ կենդանի ադրբեջանցիները գողանան, ապա Աղավնոյի բնակիչները կոչնչացնեն թշնամու ամբողջ ավտոշարասյունը

2020-ի նոյեմբերին, երբ ադրբեջանական զորքի որոշ մնացուկներ դեռևս երբեմն հայտնվում էին Բերձորի ճանապարհին, մի անգամ 3-4 հոգի դուրս եկան մեր դիմաց ու պահանջեցին մեքենան կանգնեցնել։ Ընկերոջս հետ վերադառնում էինք Ստեփանակերտից և անմիջապես հասկացանք, որ եթե կանգնենք, ապա լավագույն դեպքում գերի կընկնենք։

Որոշեցինք մեքենան քշել թշնամու զինվորների վրա։ Իրար հրմշտելով փախան ճանապարհից’ մեր հետևից հայհոյելով ու ռացիայով կապ հաստատելով հաջորդող խմբի հետ։
Մի քանի կմ այն կողմ կրկին կանգնած էին ադրբեջանցիներ, վստահաբար ռացիայով սրանց էին տեղեկացրել։ Մենք նույն արագությամբ շարունակեցինք մեքենայի ընթացքը’ մտավախություն ունենալով, որ թշնամին կկրակի։ Բայց զարմանալիորեն ադրբեջանական համազգեստով 15-20 հոգին քաշված էր մի կողմ ու լոկ նենգ հայացքով նայում էր’ հավանաբար վախենալով, որ իրենց վրա ևս կքշենք մեքենան կամ հենց մենք կկրակենք։

Մի քանի օր առաջ’ 2021-ի սեպտեմբերին, Արցախի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը ասել էր, թե զգուշացրել է ռուս խաղաղապահներին, որ եթե իրենց գյուղից թեկուզ մեկ կենդանի ադրբեջանցիները գողանան, ապա Աղավնոյի բնակիչները կոչնչացնեն թշնամու ամբողջ ավտոշարասյունը։

Ադրբեջանցիները Աղավնոյի հիմա մոտով անցնում են խելոք ու հանգիստ, որևէ կենդանի այս հատվածից թշնամին չի առևանգում։

Բերածս օրինակները փաստում են, որ մեր լռությունը ոգևորում է թշնամուն։ Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արցախի բնակիչներն ու սահմանապահները պետք է կոշտ ու դաժան լինեն ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանքի նկատմամբ։ Դա թշնամուն զսպելու միակ արդյունավետ ձևն է։

Նաիրի Հոխիկյան