Search
Close this search box.

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տոնոյանի փաստաբանը, դատարանը որոշեց՝ իր պաշտպանյալը պետք է կալանավորվի։

«Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք, վերաքննիչ քրեական դատարանում համապատասխան բողոք կներկայացվի», – ասաց փաստաբանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։