Search
Close this search box.

Ամենաբարդ հարցերն են քննարկվում, ընթանում է կոնկրետ առևտուր․ Ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն անդրադառնալով Սոչիում Պուտին Էրդողան հանդիպմանը ասել է, որ հանդիպումը կարելի է բնորոշել նորմալ՝ եղան ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հանգամանքներ: Ըստ նրա, ռուս-թուրքական հարաբերությունները՝ հատկապես Պուտինի ու Էրդողանի ղեկավարության դեպքում, ֆորմալ բնույթ չեն կրում, քանի որ նման հանդիպումների ժամանակ քննարկվում են, բանակցվում են կոնկրետ և բարդ հարցեր:

«Սրանք հանդիպումներ չեն պարզապես հարաբերությունները պահպանելու և ֆորմալ մասն ապահովելու համար: Այստեղ միջազգային հարաբերությունների ռեալ և ամենաբարդ հարցերն են քննարկվում, ընթանում է կոնկրետ առևտուր, ինչպիսին իրավիճակն է սիրիական Իդլիբում, Լիբիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում և այլն: Հրաշքով, մշտապես հաջողվում է խուսափել ուղիղ առճակատումից, թեև կան խնդիրներ, որոնք անլուծելի են, ինչպիսին իրավիճակն է Իդլիբում, որի շուրջ բավականին լարված ու սահմանային իրավիճակում են հայտնվում կողմերը: Կարելի է ասել, որ նրանք միմյանց հասկանում են, բայց խնդիրները բարդ են: Գլխավոր հարցը, ըստ իս, իրավիճակն է Սիրիայում, որտեղ ռուսական կողմն ուժային ազդեցություն է ցուցաբերում, այստեղ մեր դիրքորոշումներն արմատապես տարբեր են: Բայց այստեղ, ինչպես նախկինում, չի հաջողվելու գալ համաձայնության, և Թուրքիան դուրս չի բերելու մեծաթիվ զինյալներին անվտանգության սպառնալիքի ձևակերպմամբ: Ուստի 2018-ի պայմանավորվածությունից ի վեր սկսված շրջապտույտը դեռ շարունակվելու է»,- ասաց նա:

Ըստ Լուկիանովի, բացի լարվածությունից, կա փոխըմբռնում, և պատահական չնշվեց C-400-ների գործարքի մասին, ակնարկ եղավ, որ դա կարող է շարունակվել և դա ուղերձ էր Արևմուտքի համար:

Հարավային Կովկասի շուրջ, նրա խոսքով, հակասությունները այդքան խորը չեն, որքան մյուս գոտիներում: «ՌԴ նախագահի կողմից եղավ հարավկովկասյան խնդրին կարճ անդրադարձ, կարծում եմ՝ ընդհանուր բանակցային օրակարգում ևս այն փոքր է լինելու: Ընդհանուր տրամաբանությունը գործընթացների այստեղ չի փոխվելու այս հանդիպումից հետո: Ղարաբաղի շուրջ ռուս-թուրքական առճակատումն այնքան սուր բնույթ չի կրում, որքան այլ գոտիներում: Թուրքիայի համար կա ցանկալի օրակարգ, կա նոյեմբերի 9-ից հետո սկսված գործընթաց, որը միանշանակորեն կքննարկվի, բայց ուշագրավ հանգամանք էր, որ թուրքական կողմն այս տարածաշրջանին չանդրադարձավ»,- նկատեց նա: