Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պատրոն Դավիթը» մեղադրանքը չի ընդունում. դատարանում քննվում է նրան կալանավորելու մասին միջնորդությունը

«Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։

Նշենք, որ այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում, քննվում է Գալստյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

«Լրիվ տարբեր գործեր են, նախորդ քրեական գործի հետ ընդհանրապես որեւէ կապ չունի։ Ձերբակալման որոշման դեմ բողոք դեռ չենք հասցրել ներկայացնենք, երեկ՝ 22։00-ին տվել են, էսօր 13։00-ին նիստ են նշանակել։ Ամեն ինչ անում ենք, աշխատում ենք, բայց ռոբոտ չենք»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: