Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը հետողորմիա արեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարությունը հետողորմիա է անում նախարարի որոշումը: Հիշեցնենք, որ, նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ, վաղվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան: Այս որոշումը ոչ միայն հակասահմանադրական էր, այլեւ խտրական վերաբերմունքի դրսեւորում: Բացի այդ, անկազմակերպ իրավիճակը հանգեցրել է այնպիսի իրողության, որ տեստ հանձնելու բոլոր լաբորատորիաներում արդեն մի քանի օր է՝ հսկայական հերթեր են:

Եւ, ահա, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ աշխատողների համար քովիդի թեստի պատասխանը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատ ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեեւ օրենքն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։

ՀՀ առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնել են, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը։ Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որեւէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։

Թերեւս դժվար չէ կանխատեսել, որ առաջիկայում էլ պարտադրանքի մյուս ձեւերն էլ իրենց արդիականությունը կկորցնեն:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում