Search
Close this search box.

ՊԵԿ նախագահը՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող զրագացումների մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող զրագացումներին։ «Մենք ունենք փաստացի ստեղծված իրավիճակ, մեր գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով Իրանի վարորդների կողմից իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով սպասարկումն իրականացվի հարմարավետ, և խնդիրներ չառաջանան տնտեսվարողների համար։ Իսկ վերջնական լուծումը, կարծում եմ, որ ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ կառավարությունն աշխատում է»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Բաքվի մաքսային ծառայությունն արդեն մաքսակետ է տեղադրել և հայտարարություն արել ճանապարհի այդ հատվածի մասին, ո՞րն է հայկական կողմի պատասխանը, Ռուստամ Բադասյանն ասաց․ «Ես արդեն նշեցի՝ մեր գործառույթների շրջանակներում ինչ ենք իրականացնում։ Իսկ նմանատիպ հարցերը, կարծում եմ, շատ ավելի զգայուն են, վերաբերվում են ազգային անվտանգության ոլորտին։ Եվ պետք է ուղղակի հետևել և սպասել կառավարության դիրքորոշմանը։ Մենք մեր գործառույթներն իրականացնում ենք բավարար ենթակառուցվածքների միջոցով, այսինքն՝ մենք կարիք չունենք որևէ տեղ հավելյալ մաքսակետ տեղադրելու, քան այս պահին ունենք»։

Հարցին, թե կա՞ երաշխիք, որ հետագայում ադրբեջանցիները հայ բեռնափոխադրողներին ևս նման պահանջներ չեն ներկայացնի, որոնք ներկայացնում են իրանցի վարորդներին, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ ՀՀ տնտեսվարողների, ՀՀ տարածքում բիզնես գործունեություն ծավալողների և տրանզիտ փոխադրումներ իրականացնողների համար հավելյալ լարումներ չպետք է առաջացնել նման հարցերով։

«Ունենք փաստացի ստեղծված իրավիճակ, այդ իրավիճակից բխող գործողություններ կառավարությունը ձեռնարկում է, և հավելյալ խնդիրների մասին խոսել, որոնք եթե-ով են, կարծում եմ՝ բավական զգայուն հարցերի մասին եք խոսում։ Այս պահին որևէ բացասական ազդակ հաղորդելու կարիք չկա», նշեց նա։