Search
Close this search box.

Պուտինը հավանություն է տվել ԼՂ-ում իրավիճակի վրա Թուրքայի ազդեցությանը

Ղարաբաղում իրավիճակի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստում է տարածաշրջանում հաշտեցմանը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Սոչիում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի ժամանել է Սոչի։ Թուրքական պետության ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիի միջազգային օդանավակայանում տեղի ժամանակով 12։15-ին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրք առաջնորդին դիմավորել են Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ Ալեքսանդր Ռուպելը, Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պետական ​​արարողակարգի վարչության տնօրեն Իգոր Բոգդաշևը, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Սամսարը, Թուրքիայի գլխավոր հյուպատոս Նովոռոսիյսկում Ֆիրատ Բայարը և ուրիշներ:

Այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի կապի գրասենյակի ղեկավար Ֆախրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակը ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանի այցը կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ հարցեր: Երկու երկրների ղեկավարները կանդրադառնան Սիրիայում, Լիբիայում և Աֆղանստանում տիրող իրավիճակին: