Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա՝ Առողջապահության նախարարության դիմաց. բժիշկ Հովհաննես Գևորգյանին բերման ենթարկեցին

Առողջապահական հասարակական կազմակերպությունը այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով նախարարից N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի հոկտեմբերի 1-ին բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:

Կազմակերպության նախագահ բժիշկ Հովհաննես Գևորգյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այդ որոշմանը, քանի որ այն հակասահմանադրական է և ոտնահարում է մարդկանց իրավունքները, նաև նշեց, որ առողջապահության նախարարությունը փակել է ամբողջ առողջապահական ծառայությունների ֆինանսները:

Այդ ժամանակ նրան մոտեցավ ոստիկաններից մեկը և զգուշացրեց, որ եթե հասարակական կարգը խախտի, նրան բերման կենթարկեն: Դրանից մի քիչ հետո իսկապես բժշկին բերման ենթարկեցին:

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Մենք հավաքվել էինք առողջապահության նախարարության դիմաց, ընդունելության համար: Մեր հարցադրումները կապված էին ամսական երկու անգամ պարտադիր պատվաստման և մարդկանց անհիմն աշխատանքից ազատելու հետ: Ոստիկանները բժիշկ Հովհաննես Գեւորգյանին բերման ենթարկեցին: Անհասկանալի էր այդ քայլը: Երբ փորձեցինք ճշտել, թե որ բաժին են տանում, ինձ էլ փորձեցին բերման ենթարկել: Մինչև հիմա չգիտենք նրան որտեղ են տարել: Բացի այդ, նախկինում ՊՇՌ թեստը եղել է 20 հազար դրամ, հիմա ինչ-որ կախարդական ձեռքով դարձել է 5-6 հազար դրամ: Դա նշանակում է, որ առողջապահության նախարարությունում մեծ կոռուպցիոն ռիսկեր է եղել: Եթե կար հնարավորություն մեկ օրում թեստի արժ-եքը դարձնել 6-7 հազար, այդքան գումարներն ում գրպանն է գնացել, ով է յուրացրել այդ փողերը: Մեր պահանջը դա է եւ այն, որ չպարտադրեն մարդկանց պատվաստվել»:

Նշենք, որ այդ ընթացքում ոստիկանները ևս մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին: