Search
Close this search box.

Ընդունում ենք Ալիևի հայտարարությունը. Ադրբեջանի կազմում Արցախ չկա և երբեք չի լինելու. Արցախի ԱԳ նախարար

Ալիևի հետ համաձայն ենք,  չկա Արցախ Ադրբեջանի կազմում և չի էլ կարող լինել, որովհետև մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Նշենք, որ Ալիևը հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունն ավարտված է և ԼՂ տարածքային միավոր Ադրբեջանի տարածքում այլևս գոյություն չունի։

-Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց պատմության մեջ, և Ադրբեջանի տարածքում ԼՂ տարածքային միավոր գոյություն չունի։
-Հետաքրքիր է, բայց Ալիևի այդ հայտարարությունը լրիվ ընդունում ենք։ Չկա Արցախ Ադրբեջանի կազմում և չի էլ կարող լինել, որովհետև մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Եթե ինքն այդ տեսակետից է դիտարկում հակամարտության կարգավորումը, այսինքն կա հարթակ բանակցելու։ Այդ լավ է, որ մտածում է՝ չկա Արցախ, իհարկե, ինքն այլ ձև է մտածում, բայց մենք ասում ենք՝ համաձայն ենք, որ չկա և չի կարող լինել Արցախ Ադրբեջանում։

-Մեկ տարվա ընթացքում հակառակորդը փոխվե՞լ է, ինչպե՞ս պետք է խաղաղության հասնենք։
-Հակառակորդը չի փոխվել։ Ավելի է աքլորացել, ինչը նաև ինչ-որ տեղ բնական է։ Սա պետք է հաշվի առնենք, երբեք չկոտրվենք, հասկանանք, որ ի վերջո ամեն ինչ մեր ձեռքերում է և անենք ամեն ինչ, որ կարողանանք ապաքինվել։

-Ինչ եք կարծում առանց հակառակորդի նախապայմաններն ընդունելու կկարողանա՞նք նրանց հետ խաղաղության գնալ։
-Իհարկե։ Խաղաղությունն այն չէ, ինչ հակառակորդն է ասում։ Խաղաղությունը պետք է առաջին հերթին ռազմաքաղաքական հավասարակշռվածության վերականգնմամբ լինի։ Դա է ամենահուսալի խաղաղությունը, իսկ Ադրբեջանն ուզում է, որ մենք ընդունենք իր վերջնագրերը, ինչը չի կարող խաղաղության հուսալի հիմք լինել։

-Ինչպե՞ս պետք է հակառակորդին պարտադրենք, որ ռազմաքաղաքական հավասարակշռվածություն պահպանի, եթե մեկ-մեկ տարվա ընթացքում անընդհատ խախտել է պայմանավորվածությունը և ռազմական սադրանքի դիմել։
-Ճիշտ աշխարհաքաղաքականությամբ, դասեր քաղելով, մեր միասնականությունը վերականգնելով, մեկը մյուսի նկատմամբ ատելությունից ձերբազատվելով։ Այլ տարբերակ պարզապես չունենք։

-Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում դասեր քաղե՞լ ենք։
-Մեկ տարին շատ քիչ ժամանակահատված է։ Դասեր քաղել նշանակում է նախ հասկանալ՝ ինչ է մեզ հետ տեղի ունեցել, ազնիվ լինել։ Դրանից հետո մշակենք նոր ծրագրեր այս իրավիճակից դուրս գալու համար և այդ ծրագրերն իրականացնենք։ Միայն դա ցույց կտա դասեր քաղել ենք, թե ոչ։ Եթե այդ շղթայում ինչ-որ մի բաղադրիչ բացակայում է, նշանակում է՝ դասեր չենք քաղել։

-Որպես Արցախի արտաքին գերատեսչության ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային հարթակում հայկական կողմի կատարած դիվանագիտական աշխատանքը։
-Ընդհանուր առմամբ աշխատանքը տարվում է։ Մեզ ժամանակ է պետք, որ հասնենք մեր նպատակին։ Բաներ կան, որ պետք է վերանայենք։ Իդեալիզմով չպետք է տառապենք։ Ինչքան հնարավոր է լինենք պրակտիկ, պրագմատիկ, նախաձեռնողական։ Քայլեր արվում են։  Դա գործընթաց է, որի արդյունավետությունը ժամանակը ցույց կտա։

-Ի՞նչ նկատի ունեք իդեալիզմ ասելով։
-Մենք ազգովի մի քիչ իդեալիզմի կողմնակիցներ ենք։ Իդեալիզմը լավ բան է, բայց չեմ ուզում դա միամտություն լինի։ Այսինքն մտածել, որ օրինակ արդարությունն է միշտ հաղթում, որ միջազգային հանրությունը միասնական է և չի թողնի, որ այս կամ այն լինի։ Տեսել ենք՝ ինչի է բերել այս ամենը։ Պատերազմը ցույց է տվել՝ ով որտեղ է։ Դրա համար պետք է շատ պրագմատիկ լինենք։