Search
Close this search box.

Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի `զրպարտչական տեղեկատվությունը հերքելու և 2 մլն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջներով։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Դատական հայցի հիմք է հանդիսացել դեռևս երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերտառությամբ հոդվածը,որտեղ թերթը հրապարակել է,որ Սասուն Խաչատրյանը բնակարան ունի Մոսկվայում և «բազում բնակարաններ, մեքենաներ և այլ անշարժ գույքեր», որոնք գրանցված են այլ անձանց անուններով:

Ի պատասխան` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքում էր տարածել` լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության և ապատեղեկատվություն տարածելու մեջ` միաժամանակ հայտնելով, որ հիշյալ տեղեկությունները լրատվամիջոցի կողմից չհերքելու դեպքում նման պահանջով հայցադիմում կներկայացվի դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայցը երեկ արդեն ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Ըստ տեղեկության` Սասուն Խաչատրյանը պատրաստվում է հայցը բավարարվելու դեպքում լրատվամիջոցից որպես փոխհատուցման գումար պահանջած 2 մլն ՀՀ դրամը բարեգործական նպատակով ծառայեցնել։