Search
Close this search box.

Գերմանացիների “մաման” հեռանում է 16 տարի պաշտոնավարելուց հետո

Եկեք անկեղծ լինենք։ Շատերը կզարմանան, եթե փաստեմ, որ այս կիրակի Անգելա Մերկելը դառնալու է հեռացած առաջին կանցլերը։ Միանգամից կհակադարձեք՝ ինչպե՞ս թե, բա նախորդները չե՞ն հեռացել։ Ո′չ, բոլոր նախորդներին հանել են քվեարկությամբ։
Մերկելից առաջ երբեք որևէ մեկը չի ասել՝ բավակա′ն է, էլ չեմ ուզում։ Ճիշտ է, ոչ ոք էլ նրա նման երկար չի պաշտոնավարել, անգամ Գերմանիայի դաշնային հանրապետության հիմնադիր Կոնրադ Ադենաուերը։ Նույնիսկ Ադոլֆ Հիտլերն է իշխանության մնացել 12 տարի։

Ու ախր, ինչպես ասում են, հեչ քաղաքականության մարդ չէր Մերկելը։ Նախ՝ կին էր, իսկ Գերմանիան երբեք կին ղեկավար չէր ունեցել։ Հերիք չի կին էր, մի բան էլ կին-ֆիզիկոս էր։ Հերիք չի՝ կին-ֆիզիկոս էր, նաև Արևելյան Գերմանիայից էր։ Ավելին, մինչ սոցիալիստական Արևելքում՝ ԳԴՀ-ում ապրող գերմանացիները ամեն գնով, կյանքը վտանգելով փորձում էին փախչել կապիտալիստական Արևմուտք, Մերկելի հոգևորական հայրը 50-ականներին սեփական նախաձեռնությամբ տեղափոխվում է Արևելյան Գերմանիա և համագործակցում կոմունիստների հետ։ Նման բան պատկերացնելն իսկ շատ դժվար է։ ​Բայց Արևելյան Գերմանիայում ապրելու հանգամանքը նաև օգնեց Մերկելին, երբ քանդվեց Բեռլինյան պատը։

Որովհետև «օսսիները» և «ուեսսիները, այսինքն Արևելյան և Արևմտյան Գերմանիայում ապրող գերմանացիները բավական տարբեր մտածելակերպ ունեին, և անհրաժեշտ էր հաղթահարել այդ տարբերությունը։ Օրինակ, մինչ «ուեսսիներն» անվերապահորեն հավատում էին լրատվամիջոցներին՝ «ԲիԲիՍի»-ն ու «ՍիԷնԷն»-ը հո չե՞ն խաբի», «օսսիները» միայն ժպտում էին. «Բա տարիներ շարունակ լրատվամիջոցներն ինչպե՜ս էին մեզ հիմարի տեղ դնում»։
Այսինքն, Մերկելը հենց այն մարդն էր, որը կարող էր շատ դրական դեր կատարել Գերմանիայի երկու մասերի հնարավորինս արագ միավորման գործում։ Իհարկե, դա միակ լուրջ դժվարությունը չէր այդ կնոջ 16-ամյա պաշտոնավարման ընթացքում։ Հիշեք թեկուզ Եվրամիության ֆինանսական ճգնաժամը, երբ հարավային երկրները, մասնավորապես Հունաստանը, պարզապես վերջնագրեր էին ներկայացնում Մերկելին՝ լրացուցիչ փող չեք տա, հենց հիմա դուրս կգանք եվրոյի գոտուց։

Ու Մերկելը ամեն անգամ մի բան անում էր հույների անհույս վիճակն ինչ-որ կերպ թեթևացնելու համար, գերմանացիներն էլ շատ չէին դժգոհում. «Լա′վ, մենք ինչո՞ւ պիտի աշխատենք բոլորովին այլ ժողովրդի փոխարեն և փոսից հանենք այդ երկիրը»։ Գերմանացին ձայն չէր հանում, որովհետև վաղուց արդեն «մամա» էր անվանում Մերկելին, իսկ մաման պարզապես պարտավոր է հոգ տանել բոլորի, նաև՝ ուրիշի երեխաների մասին։ Թե չէ՝ էլ ի՞նչ մամա։ ​Բայց վերջապես եկավ մի պահ, երբ գերմանացին ընդվզեց։ Ընդվզեց նաև այն պատճառով, որ չաշխատեց «փողով հանգստություն գնելու» սկզբունքը։
Այսինքն, եթե հանգստությունդ խաթարվել է, պարզապես բավականաչափ փող ծախսիր և վերականգնի′ր այն։ 2015 թվականին՝ այսպես կոչված Մեծ միգրացիոն ճգնաժամի ժամանակ, երբ Մերկելը թույլ տվեց 2 միլիոն ներգաղթյալի հանգիստ մտնել իր երկիր, հասարակ գերմանացին հասկացավ, որ փողն ամենազոր չէ, և եթե դիմացի բնակարանում սկսել է ապրել ներգաղթյալների աղմկոտ ընտանիքը՝ 7 երեխաներով, որոնք առավոտից իրիկուն գոռգոռում են քեզ համար բոլորովին անհասկանալի լեզվով, իսկ դպրոցի ճանապարհին կանգնեցնում են քո տղային ու սկսում ծաղրել, էստեղ արդեն փողը չի օգնի, նկատողություն էլ անես ներգաղթյալին՝ անմիջապես դատարան կվազի, որովհետև ձեր երկրում խստորեն պաշտպանված են մարդու իրավունքները։

Մասնագետները համոզված են՝ հենց այդ պահից, երբ հասարակ գերմանացին գիտակցեց, որ կյանքը իրենց շենքի խաղաղ բակում փոխվել է, թեև իր համաձայնությունը որևէ մեկը չի հարցրել, սկսվեց «մամա»-ի նկատմամբ վստահության կորստի դանդաղ, բայց անշեղ գործընթացը։

​Ինչևէ, այս կիրակի Մերկելի դարաշրջանն ավարտվելու է և, համաձայնե′ք, հաճելի է գիտակցել, որ 16 տարի ապրել ես աշխարհի ամենազդեցիկ կնոջ իշխանության ժամանակներում։ Եվ այդ կինը իսկական մոր նման իրոք փորձել է ամեն կերպ թեթևացնել իր երեխաների՝ Գերմանիայի քաղաքացիների հոգսերը, ընդ որում, ապրել է հենց այդ երեխաների նման՝ հասարակ բնակարանում, երբեք որևէ անվճար ծառայությունից չի օգտվել, ճաշի համար անհրաժեշտ մթերքները կողքի սուպերմարկետից է գնել, իսկ երբ մի անգամ ֆոտոլրագրողը պատահաբար հանդիպել է նրան փողոցում ու զարմացել, որ տասը տարի առաջ էլ կանցլերը նույն վերարկուով էր, Մերկելը պատասխանել է. «Ես գերմանացի ժողովրդի պետական ծառայողն եմ, այլ ոչ թե մոդել»։

ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐ՝ armeniasputnik.am