Search
Close this search box.

Միլիցիա դրսից՝ լրատվամիջոցների համար

Լրատվամիջոցն իր ՆԵՐՍՈՒՄ կարող է ունենալ փաստերի ստուգման բաժին, հարթակ, արտադրամաս… ինչ ուզում եք՝ դրեք անունը։ Բայց եթե որևէ մարմին, կազմակերպություն, հիմնարկ ԴՐՍԻՑ լրատվամիջոցի վրա փաստերի ստուգման միլիցիայի դեր վերապահեց իրեն, դա արդեն պոտենցիալ սպառնալիք է լրատվամիջոցի ազատությանը կամ բնականոն գործունեությանը։ Կասկածելի աղբյուրների փաստերի պարբերական ստուգում, այո՛, պետք է, բայց ոչ՝ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների. ամո՛թ է։

Իսկ լրատվամիջոցի փաստերի ստուգման միակ «հիմնարկը» հանրությունն է. սխալ, կողմնակալ փաստեր տարածեցիր՝ քո հանդեպ հանրության վստահությունը նվազում է, դրան համապատասխան լսարան ես կորցնում՝ իր բոլոր հետևանքներով։ Վե՛րջ, հանրությունից բացի մյուս բոլոր մեխանիզմները դատապարտված են ցենզուրայի կամ մահակի վերածվելու։

Որ ստուգման հարթակներ չկային, էդ ո՞նց էինք ամեն Աստծո օր միայն ստուգված փաստեր հրապարակում, ու դեռ հանրությունն էլ լրատվամիջոցիս անունը լսում, ասում էր՝ հա, եթե իրենք են ասում, ուրեմն ճիշտ ա։ Կամ որ մեկն ուզում էր մի բանի հավաստիությունը պնդել, լրատվամիջոցիս անունն էր տալիս՝ իրենք են հաղորդել։

Մի բան էլ, որտեղ էլ աշխատած լինեմ, առաջինը ղեկավարներս ու գործընկերներս են վստահել իմ բերած լուրերին։ Ու թե եղել է, որ նրանցից որևէ մեկը շատ հազվադեպ թեական է նայել հաղորդածս տեղեկությանը, մահացու կերպով վիրավորվել եմ։

Մենակ մի դեպք պատմեմ՝ 2008-ի ընտրություններում ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդները Հայաստանի նախագահի ընտրություններին համեմատաբար դրական գնահատական էին տվել։ Լրատվամիջոցներից մեկը սխալ թարգմանության արդյունքում հակառակն էր տարածել (հետո հանեցին այդ լուրն իրենց կայքից)։

Հանկարծ օրվա հաղորդումը վարող գործընկերս ինձ հարցնում է՝ բայց դու համոզվա՞ծ ես, որ ճիշտ ես ձևակերպել դիտորդների ասածը, այսինչ լրատվամիջոցը հակառակն է գրել։ Ես ուղղակի կատաղեցի՝ նախ, դիտորդների ձայնը թարգմանությանս տակից գնում է, բարի եղիր, գոնե մի անգամ լսի՛ր, երկրորդ՝ այդ երբվանի՞ց ուրիշ լրատվամիջոցի թղթակցին սկսեցիր ավելի շատ վստահել, քան սեփականին, երրորդ՝ հանի՛ր իմ ռեպորտաժը, հաղորդի՛ր քո վկայակոչած լրատվամիջոցի լուրը, տեսնենք, թե ով է խայտառակ լինելու… Ամեն պրոֆեսիոնալ լրագրող ինքն է իր լրատվամիջոցի փաստերի ստուգման հարթակը։

Լրագրող Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից այս գրառումը համընկնում է Armlife.am-ի տեսակետին