Search
Close this search box.

Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Արմեն Գրիգորյան

աղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա կարծիքով, սակայն, պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերություններից:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, և այդ մասին խոսվել է անգամ նախկին իշխանությունների օրոք: «Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց դրանց։ Գոյություն ունեցող բոլոր հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- ասաց նա։

Արմեն Գրիգորյանը, անդրադարձնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, շեշտեց, որ խնդիրը դեռ կարգավորված չէ: «ԼՂ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Բոլոր երեք համանախագահների կողմից հայտարարություն է եղել, որ պետք է վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պետք է մեկ կարևոր հարց քննարկել՝ կարգավիճակի հարցը: ԼՂ խնդիրը կարգավորված չէ, և ԼՂ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը: Այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ ԼՂ հարցը միշտ եղել է ինքնորոշման հարց և պետք է կարգավորել ինքնորոշման իրավունքի շրջանակներում, և խնդրի կարգավորման հայտնի սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է»,- եզարափակեց Գրիգորյանը։