Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանց «տուժողի» բողոքի

Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ նրան ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատերի կողմից Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող գրառում կատարելու հանգամանքը իրավապահ մարմիններն արձանագրել են իրականացված մոնիթորինգի արդյունքում՝ առանց ենթադրյալ տուժողի բողոքն ստանալու։

Իրավապահները միջոցառումներ էին իրականացնում՝ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորանք պարունակող մեկնաբանություն թողած Հրանտ Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանությունից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վերջինս հայտնաբերվել է, ինչին ի պատասխան հայտնեցին, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Ի դեպ, հատկանշական է, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծված 137.1-րդ հոդվածով՝ առանց ենթադրյալ «տուժող» Նիկոլ Փաշինյանի կողմից բողոքի կամ ներկայացված հանցագործության մասին հաղորդման, մինչդեռ սա մասնավոր գանգատի գործ է եւ նշված հոդվածով վարույթ նախաձեռնելու համար անհրաժեշտ է տուժող կողմի բողոքը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ 137.1-րդ հոդվածով քրեական գործը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որ որեւէ իքս անձի, այդ թվում՝ իրավապահ մարմին իրավունք չունի վիրավորվելու մեկ այլ անձի փոխարեն, օրինակ՝ ինչ- որ մեկի համար գուցե հայհոյանքը վիրավորանք չէ, քանի որ գտնում է, որ տվյալ գնահատականն արդարացված է ու հասցեական։ Այս պարագայում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար նշված գրառումը վիրավորական չի եղել, սակայն նրա փոխարեն վիրավորվել են իրավապահ մարմինները։