Search
Close this search box.

ԱԺ փոխնախագահ. Հույս ունենք շարժվել խաղաղության օրակարգով. Դրական էր, որ Ադրբեջանը մեկուկես օր անց վերադարձրեց Քասախի մոլորված բնակիչներին

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով Արմենպրեսի հարցին՝ անդրադարձել է խաղաղության դարաշրջան բացելու թեմային ու այդ համատեքստում վերջերս Որոտանի մոտ Քասախի երկու բնակչի հետ տեղի ունեցած միջադեպին։

– Հիմա շատ է խոսվում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք անընդհատ տեսնում ենք միջադեպեր, որոնք կասկածի տակ են դնում, թե որքանով է դա հնարավոր, հենց թեկուզ Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանiի մոտ տեղի ունեցած միջադեպը:

– Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է: Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին: Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով: