Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հույս ունենք՝ Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի. Հայաստանում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հույս է հայտնել, որ Գորիսի այլընտրանքային ճանապարհը կկառուցվի հնարավորինս արագ։

«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև։ Դրանից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ: Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցներն առանց արգելքի այս ուղղությամբ երթևեկեն։

Այժմ, ինչպես գիտեք, Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին՝ որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից։ Թերևս Ադրբեջանը օտարերկրյա տրանսպորտային միջոցների յուրաքանչյուր մուտք ու ելքի համար գանձում է ճանապարհային հարկ։

Իրանական կողմը, այդ թվում դեսպանատունը, ջանքեր է գործադրում, որպեսզի, որքան շուտ այս հարցն իր լուծումն ստանա և մինչև այդ Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կառուցվի։ Խոսքը Տաթևի ճանապարհի մասին է և իրանցի վարորդները բեռնափոխադրումները կկատարեն այս ճանապարհով՝ անվտանգ ու ապահով պայմաններում»,- ասել է դեսպանը։