Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու լծակ ոչ ոք չունի. Վանեցյան

Մոդայիկ է դարձել, որ ընդդիմությանը քննադատում են ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները, որը շատ դեպքերում արդարացված է, բայց պետք է հասկանալ նաև մեր վիճակը։ Ընդդիմությունը չունի կախարդական փայտիկ, որ գա ասի՝ իշխանություն վեր կացեք, գնացեք, որովհետև դուք վատն եք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է Փաստինֆոն։

Նրա խոսքով՝ իրենց լիազորությունների շրջանակներում անում են ամեն ինչ, պետք է աշխատել ժողովրդի հետ, սկսել պայքարը, որ կարողանան վերջ տալ մեր երկիրը մասնատելու գործընթացը։

Անդրադառնալով տարածքներն ադրբեջանական անվանելու վերաբերյալ Փաշինյանի պարզաբանմանը՝ Վանեցյանը դրանք հեքիաթներ որակեց։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրման ժամանակ՝ ադրբեջանական ԶՈՒ-երն առնվազն 67-70 կմ հեռու են եղել այն հատվածից, որտեղ այսօր կանգնած են, հետո ասացին, որ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում մենք տվեցինք այդ տարածքները։

Հարցին՝ որն է այն վերջին կաթիլը, որով պետք է կանգնել ոտքի, պահանջեն իշխանափոխություն, Վանեցյանը պատասխանեց՝ նշելով, որ էլի կանգնած են ոտքի, պահանջում են իշխանափոխություն։

«Ի՞նչ է փոխվել։ Փոխվել է միայն այն, որ իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։ Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, մեզ տվել է նոր մանդատ և լեգիտիմացնում է ամեն ինչ, բայց դա այդպես չէ»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ շփվում է շատ քաղաքացիների հետ և ժողովրդի մի հատվածն ապատիայի մեջ է, ասում է՝ հնարավորություն լինի կարտագաղթի, կգնա, մի հատվածն էլ համարում է Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծոցից դուրս եկած ինչ-որ մեկին և, երբ քննադատում են, իրենց թվում է, թե անձամբ իրենց են քննադատում, սկսում՝ վիճել։

Վանեցյանն ընդգծեց, որ այդ մարդիկ, մնալով իշխանության, ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, անվտանգային համակարգը, մաս-մաս հանձնում երկիրը, չեն կարողանում ներկայացնել ՀՀ, Արցախի Հանրապետության շահերը։

Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում պաշտոնավարման ընթացքում չի ունեցել մտահոգություններ, տեղեկություններ՝ Վանեցյանն ընդգծեց, որ, եթե մտահոգություններ չունենար, հրաժարական չէր տա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ լծակներին, Վանեցյանը նշեց, որ ձերբակալելու լծակ ոչ ոք չունի։