Search
Close this search box.

Կրակոցներ Ներքին Հանդ գյուղում. մանրամասներ՝ դեպքից

Կեսգիշերին՝ 22:30-ից հետո, գյուղում կրակոցների ձայներ ենք լսել, բայց թե մերոնք են իրար մեջ կրակել, թե ադրբեջանական կողմը` մեր ուղղությամբ, պարզ չէ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Կապանի շրջանի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Նա հայտնեց, որ ադրբեջանական դիրքերը իրենցից 12 կմ հեռավորության վրա են գտնվում, սակայն կրակոցների վերաբերյալ ստույգ տեղեկություններ չունի. «Մենք կրակոցներ ենք լսել, բայց չենք կարող ասել, թե որ կողմն է կրակել և որ ուղղությամբ, միայն առավոտյան ենք իմացել, որ 1 զոհ ունենք և 1 վիրավոր»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ վիրավոր զինվորի մասին հավելյալ տեղեկություն չունի:

Խաչատուր Բաղդասարյանը ընդգծեց, որ, ըստ իր տեղեկությունների, զոհվածը մոտ 40-43 տարեկան պահեստազորային է եղել:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ հայտարարություն տարածեց, որ ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել  պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ տեղի ունեցած դեպքի պատճառը միջանձնային հարաբերություններն են եղել, որի հետեւանքով էլ կրակել են միմյանց վրա: