Search
Close this search box.

ՔՊ պատգամավորին հավաստիացրել են, որ Կապան-Գորիս ճանապարհը մինչև երեկո կբացվի

Ադրբեջանական զինուժի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի տեղեկություններով, մինչև երեկո կբացվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս պահին եռակողմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ:

«Ինձ հավաստիացրել են, որ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի», – հաղորդեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը՝ հավելելով, որ առայժմ այլ տեղեկություններ չկան:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե նշված տարածքի հարակից գյուղերի բնակչությանը տարհանում են:

«Երեկ երեկոյան տարհանել են ճանապարհին գտնված մեքենաները: Բայց մամուլը գրել է, որ հարակից գյուղերի բնակչությանն են տարհանում: Ես դա հերքել եմ», – ասաց Ղահրամանյանը: