Search
Close this search box.

Այլևս ունենք պատանդառված երեք պատգամավոր. Մինասյան

Այս պահի դրությամբ այլևս ունենք պատանդառված երեք պատգամավոր, հինգ պատգամավորության թեկնածուն, ունենք բազմաթիվ քրեական գործերով «Հայաստան» դաշինքին և առհասարակ ընդդիմությանն աջակցող անձանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Այս իշխանությունը՝ Հայաստանը պարտության տարած, դավադիր պատերազմի մեջ ներքաշած, այսքան կորուստներ բերած և, ըստ էության, օտարի օրակարգը սպասարկող իշխանությունները հետևողականորեն պայքար են մղում հայրենիքի պաշտպանների նկատմամբ, ավելին՝ ոչ ավել, ոչ պակաս դիկտատուրա հաստատելու ուղիղ գործողություններ են կատարում։ Չի էլ խորշում և այս մասին բարձրաձայն արտահայտվում է, գրված է իրենց իսկ ներկայացրած կեղծ փաստաթղթի, այսպես կոչված՝ կառավարության ծրագրի մեջ»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ սևով սպիտակի վրա գրվել է, որ դատարանները, դատախազությունը, նախաքննությունը, ոստիկանությունը պետք է կատարեն կառավարության ցանկությունները։

Նրա խոսքով՝ այժմ ականատես ենք լինում այդ վարքագծին։ Մինասյանի դիտարկմամբ՝ դա ոչ միայն Սահմանադրությամբ, միջազգային իրավունքով երաշխավորված իշխանությունների բաժանման, հավասարակշռության հիմնարար սկզբունքի խախտում, ոտնահարում է, այլև՝ դիկտատուրա հաստատելու և անձանց նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու, ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների մեծ կազմ ձևավորելուն ուղղված գործողություն է։