Search
Close this search box.

Թալիբները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան լրացուցիչ ժամանակ չեն ունենա իրենց ռազմական ուժերի տարհանման համար

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան լրացուցիչ ժամանակ չեն ունենա տարհանման համար, այլապես կարող են հետևանքներ լինել: Այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է թալիբների շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

«Սա կարմիր գիծ է: Նախագահ Բայդենը հայտարարել է, որ օգոստոսի 31-ին նրանք դուրս են բերելու բոլոր ռազմական ուժերը: Հետևաբար, եթե նրանք երկարացնեն (ներկայությունը), կնշանակի, որ ընդլայնում են օկուպացիան՝ չնայած դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է Շահինը Sky News-ին տված հարցազրույցում:

«Դա անվստահություն կառաջացնի մեր միջև: Եթե ​​նրանք մտադիր են շարունակել օկուպացիան, դա արձագանքի կհանգեցնի»,- հավելել է Շահինը:

Իրավիճակն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում, երբ «Թալիբան» շարժման գրոհայիններն արագ հարձակում սկսեցին ամբողջ երկրում և գրավեցին սահմանային բոլոր անցակետերը, իսկ օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և վերահսկողություն հաստատեցին նախագահական պալատի նկատմամբ:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքեց երկիրը` «արյունահեղությունը կանխելու համար»: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարեց, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, և պետությունում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ապագայում: