Search
Close this search box.

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ. ՄԻՊ-ը տեղեկացնում է

Անցյալ շաբաթ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը լինելով Սյունիքի մարզում, համոզվել է, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված:

Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղեւորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք:

Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ եւ Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջեւ ճանապարհի հատվածն, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) եւ ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ:

Մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետեւելով մեզ, ապա սկսեցին սուլոցներ արձակել ու ինչ-որ գոռգոռցներ։

Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին:

Լուսանկարում Google Earth ծրագրի միջոցով պատկերված է ադրբեջանական տեղակայումը մեր 2 գյուղերի միջեւ»։