Search
Close this search box.

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի Արավուս գյուղի ուղղությամբ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ահազանգեր այն մասին, որ այս գիշեր ժամը 12-ից 1-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Արավուս գյուղի ուղղությամբ:

Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել են գյուղի բնակիչները և պնդել, որ նշանառու կրակոցներ են արձակվել նաև ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա:

Խոսքն Արավուս գյուղի այն հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են քաղաքացիական տներից մի քանի հարյուր մետր հեռու:

Նրանց անմիջապես դիմաց են տեղակայված ՀՀ զինված ուժերը, որոնք կատարում են բնակիչների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու գործառույթ:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերի` ադրբեջանական կրակոցները դադարել են Տեղի համայնքային մարմինների, ՀՀ 1-ին բանակային կորպուսի և ՌԴ սահմանապահ ծառայության հրամանատարության ժամանումից հետո:

Արավուս գյուղի ուղղությամբ ադրբեջանական այս գիշերվա կրակոցները հանցավոր են, խաթարում են մարդկանց բնականոն, խաղաղ կյանքն ու անվտանգությունը:

Այս փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի է խախտում է: Նրանք խախտում են նաև մարդկանց սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները:

Ակնհայտ է, որ մարդկանց իրավունքները հնարավոր կլինի ապահովել միայն անվտանգության գոտու պայմաններում»: