Search
Close this search box.

Կարևոր տեղեկություն վարորդների համար. Մեքենայում գազաբալոն տեղադրած սեփականատերերը պետք է 6 ամսվա ընթացքում դիմեն՝ իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ են կատարվել, որոնք վերաբերում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներին։

Օրենքը՝ նշված լրացմամբ, կգործի օգոստոսի 16-ից։

Իրավաբան.net-ը ներկայացնում է, թե ինչ լրացումներ են կատարվել օրենքում։ Այսպիսով․

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով, ըստ որի․

սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ` գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.

գազաբալոնների պարբերական վկայագրում` գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը։

Օրենքում ավելացել է նաև նոր՝ 26․1 հոդվածով՝ Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը և լցավորումը, ըստ որի․

1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ` լիցենզավորված անձ):

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:

4. Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:

5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը:

7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց և պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:

8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Մինչև օգոստոսի 16-ը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները՝ օգոստոսի 16-ից հետո վեց ամսվա ընթացքում, պետք է դիմեն լիցենզավորված անձանց ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար: Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում, և հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:

Իրավաբան.net-ը նաև հայտնում է, որ սրան զուգահեռ լրացում է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ըստ որի նոր՝ 150.15-րդ հոդվածն է ավելացվել։ Այս հոդվածով նախատեսվել են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելու համար տուգանքները։ Այսպիսով․

1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ` գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ`100․000-200․000 դրամի չափով։

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը`առաջացնում է տուգանքի նշանակում գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ 300․000-500․000 դրամի չափով։

3. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը` առաջացնում է տուգանքի նշանակում գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` 200․000 դրամի չափով։

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Այս հոդվածն էլ ուժի մեջ կմտնի թվականի փետրվարի 16-ին։