Search
Close this search box.

Ավագանու անդամին և նրա պապին ծեծողներից մեկը Երևանի 30–ամյա բնակիչ է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանին և նրա պապին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. օգոստոսի 1-ին, ժամը 01:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք ապօրինի մուտք են գործել Ա.Անտոնյանի՝ Նոր Արտամետ համայնքում գտնվող բնակարան, հարձակվել նրա վրա, կտրող-ծակող և բութ առարկայով հարվածներ հասցրել վերջինիս և փորձել դիմել փախուստի, սակայն հանդիպելով Ա.Անտոնյանի՝ 87-ամյա պապի դիմադրությանը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նաև տարեց տղամարդուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ Երևան քաղաքի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 147-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծեծկռտուք և վիճաբանություն. Աջափնյակի փոխթաղապետը դիմել է ոստիկանություն

Ենթադրյալ հանցագործություն կատարած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ միջոցառումները: